Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
10.09.2010 | 00:00

Հրեական հին ասացվածքի համաձայն` «Ավելի լավ է հրեան լինի առանց մորուքի, քան մորուքն առանց հրեայի»։ Թվում է, թե Իսրայելն արդեն վաղուց է առաջնորդվում այդ իմաստնությամբ, իսկ երբ իրավիճակը սրվում է, նա հմտորեն սկսում է գործել «զիջի՛ր փոքր հարցերում, հաղթի՛ր մեծերում» սկզբունքով։ Եվ դա, հավանաբար, հաջող արդյունքներ է տալիս։
Ահա և վերջերս Մոսկվայում Իսրայելի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը միանգամայն ներդաշնակ էր այդ մոտեցումների շրջանակին։ Այսպես, Էհուդ Բարաքը, առանց որևէ «ավելորդ հավակնության», փորձեց սիրաշահել ռուսական ինքնասիրությունը և հայտարարեց, որ «դուք համապարփակ եք նայում ամբողջ աշխարհին, իսկ մենք կենտրոնանում ենք մեր տարածաշրջանի վրա...»։ (Թե հրեաներն իրականում ի՞նչ են մտածում իրենց համընդհանուր ազդեցության առիթով, տվյալ դեպքում կարևոր չէր)։ Անատոլի Սերդյուկովը, իր հերթին, բարեհաճորեն ավելացրեց. «Ժամանակակից շատ մարտահրավերների վերաբերյալ մեր հայացքները մոտ են կամ համընկնում են»։ Իսկ երկու կողմերի լրագրողները ուրախությամբ հայտարարեցին. «Իսրայելն ու Ռուսաստանը կերտել են պատմություն և առաջին անգամ համաձայնագիր ստորագրեցին ռազմական համագործակցության մասին»։ Եվ այսուհետև, այդ «պատմական իրադարձությունից» հետո երկու պետությունները փոխգործակցության նոր մակարդակի կբարձրանան միջազգային ահաբեկչության և միջուկային զենքի տարածման դեմ մղվող պայքարում։ ՈՒշադրություն դարձնենք` այս ամենը տեղի էր ունենում վարչապետ Պուտինի սևեռուն հայացքի և բարձր օրհնության ներքո։ Նա սկզբում իրադարձություններին հետևում էր Սոչիից, իսկ հետո, անսպասելիորեն ու արարողակարգային շրջանակներից դուրս, իսրայելցիներին ընդունեց իր սևծովյան նստավայրում (Բարաքն անգամ ստիպված էր հրաժարվել Լավրովի հետ նախատեսված հանդիպումից)։ Հավանաբար, բանը հարկավոր ուղղությամբ էր առաջ գնում։
Սակայն փորձենք պարզել, թե ինչ է թաքնված այդ «ճեղքման» հետևում, ինչի է դա հանգեցնելու և որքան կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Հիշեցնենք` օգոստոսի վերջին ռուսական և իսրայելական մամուլում մի «սենսացիա» հայտնվեց այն մասին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերջինիս խնդրեց սառեցնել Սիրիային «Յախոնտ» հրթիռների վաճառքի գործարքը։ Նշենք, որ Իսրայելը ծայրաստիճան անհանգստացած է Սիրիային այդ գերճշգրիտ հրթիռների վաճառքի հնարավորության առթիվ, որոնք նախատեսված են մինչև 300 կմ հեռավորության վրա հակառակորդի ռազմանավերի դեմ պայքարի համար և ընդունակ են կրելու մինչև 200 կգ մարտագլխիկներ։ Հրեական կողմի կարծիքով, դրանք կարող են ընկնել «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչների ձեռքը, ինչպես դա բազմիցս եղել է նախկինում։
Անհանգստացնում են նաև ռուսական «Իսկանդեր-Ե» հրթիռների մատակարարման հավանականությունը և Ռուսաստանի մտադրությունը Սիրիային վաճառելու «Բաստիոն» ծովային հրթիռային համալիրներ, ինչպես նաև պաղեստինցիների համար ռուսական զրահամեքենաներ մատակարարելու թեման։ Թել Ավիվում ծայրահեղ մտահոգություն է առաջացրել նաև այն, որ վերսկսվել է Ռուսաստանի ռազմական համագործակցությունը Լիբանանի, Եթովպիայի և Անգոլայի հետ։ Բացի այդ, Իսրայելը դարձյալ անհանգստացած է Իրանին ռուսական Ս-300 տիպի զենիթահրթիռային համալիրների հնարավոր մատակարարման հնարավորությամբ, որոնք կարող են լրջորեն դժվարացնել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին օդային հարվածներ հասցնելը։ Ավելին, իսրայելցիները համոզված են, որ առաջացել է մի արատավոր շրջան. «Այս բոլոր երկրները կախված են ռուսական էժան զենքից, իսկ Ռուսաստանը նրանց հակամարտությունների է դրդում, որպեսզի նրանց ավելի շատ զենք կարողանա վաճառել»։
Ըստ էության, անհանգստացած Իսրայելը պետք է ամեն գնով փորձեր Մոսկվային հետ կանգնեցնել գործարքներից, քանի որ, ինչպես այնտեղ են համարում, եթե «այսօր Իսրայելի համար հեշտ չի լինի զսպել ռուսական ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ապա Ռուսաստանի մինչև ատամները զինված հաճախորդներին դիմակայելը հետո գրեթե անհնար կլինի»։ Եվ «իսրայելական պատասխանը» նախապատրաստվել էր Թել Ավիվի համար միանգամայն սովորական տրամաբանությամբ. Ռուսաստանի հովանավորությամբ իրականացվող սպառազինությունների մրցավազքը Մերձավոր Արևելքում կարելի է կասեցնել միայն Կրեմլին «համեղ պատառ» հրամցնելով։ Խիստ հատկանշական է, որ իսրայելական թերթերի տեղեկության համաձայն, լիակատար գաղտնիության պայմաններում ռուսական իշխանությունների հետ «ծածուկ երկխոսությամբ» զբաղվել է բազմահմուտ զինվորական հետախույզ, պահեստի գեներալ-մայոր Ամոս Գիլադը։ Հենց նա էլ ուղեկցում էր Բարաքին` Մոսկվա և Սոչի կատարած ուղևորության ընթացքում։
Իրենց հերթին, ինչը միանգամայն տրամաբանական է, ռուսներն աշխատեցին պոկել առավելագույնը։ Նախ, նրանք հյուրերին ակնարկեցին, թե հարկավոր է «պատասխանել փոխադարձությամբ» և վերջնականապես չվաճառել իսրայելական ռազմական տեխնիկան ու սարքավորումները Վրաստանին (բառացիորեն հանդիպման նախօրեին Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Իսրայելը չի համագործակցի Վրաստանի հետ ռազմական ոլորտում)։ Այնուհետև, որ Մոսկվային նման համագործակցության մեջ հետաքրքրում է Իսրայելի փորձը` ահաբեկչության դեմ պայքարում հատուկ ստորաբաժանումների մարտիկների պատրաստման, զինվորական բժշկության ու արդարադատության ոլորտում։ Եվ ամենագլխավորը, Ռուսաստանը հույս ունի ակտիվորեն զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունն Իսրայելի հետ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների բնագավառում (ի՞նչ չես անի հայտարարված «արդիականացման ռազմավարության» համար)։ Այժմ ռուս զինվորականների շրջանում առանձնակի հետաքրքրություն են առաջացնում անօդաչու թռչող ապարատների իսրայելական մշակումները։ Ինչպես հայտարարել է Սերդյուկովը, անցած գարնանը Ռուսաստանն Իսրայելից ձեռք է բերել 12 նման համակարգ, և այժմ 50 զինծառայող դրանց օգտագործման ուսուցում է անցնում (նկատենք` այն ժամանակ ռուսներին վաճառել էին ոչ ամենաարդիական նմուշները, այլ նախորդ սերունդների մեքենաներ)։ Ռուսաստանում ուզում են կառուցել անօդաչու ապարատների արտադրության համատեղ ձեռնարկություն, ընդ որում, իսրայելական տեխնոլոգիայի ձեռքբերմամբ։ Ավելին, Ռուսաստանի վարչապետը փորձեց իրավիճակից քամել առավելագույնը և հայտարարեց, որ հարկավոր է քննարկել իսրայելական թռչող ապարատները «մեր սարքերով, տիեզերական և լազերային տեխնիկայով» հանդերձավորելու հնարավորությունը։ Այժմ, ինչպես պնդում է Պուտինը, մշակվում է Իսրայելի տարածքում ռուսական հեռաչափ լազերային կայանի տեղաբաշխման հնարավորությունը (արհեստական արբանյակներին հետևելու համար), որը կարող էր աշխատել արբանյակային համակարգերի համապարփակ դիտարկման շրջանակներում (նկատենք, որ դիտարկման այդ համակարգը Պուտինի մեկ այլ սիրասուն հոգեզավակն է, որը կոչված է մրցակցելու արդեն «ընտելացված» արևմտյան համակարգերի հետ)։ Իսրայելցիները, ի դեպ, առայժմ մտորում են և չեն շտապում պատասխանել «գրավիչ առաջարկություններին»։
Այդուամենայնիվ, թեև ստորագրված շրջանակային համաձայնագիրը չի հրապարակվում, Մոսկվայի և Թել Ավիվի ռազմատեխնիկական կապերի զարգացմանը հետևող մասնագետներն ուշադրություն են դարձնում մի շարք հետաքրքիր հանգամանքների, առաջին հերթին` ռուս-իսրայելական համաձայնության ընդարձակ ձևաչափին։ Ինչպես և պետք էր սպասել, իրեն երկար սպասել չտվեց այն շրջանակների արձագանքը, որոնք ռուսական զենքի հետ կապված հույսեր էին փայփայում։ Հայտարարվեց, որ «այսօր Ռուսաստանում բավականին ուժեղ է իսրայելական լոբբին», իսկ Թեհրանում ու Դամասկոսում «ափսոսանք են արտահայտել» Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ, որն «իր խոսքի տերը չէ»։ Թուրքիայում, որը վերջերս, փաստորեն, խզեց ռազմատեխնիկական համագործակցությունն Իսրայելի հետ, տեղի ունեցածն առայժմ չեն մեկնաբանում, բայց, ակնհայտորեն, այնտեղ էլ նման անակնկալ շրջադարձն իրենց նոր «ռազմավարական գործընկերը» ուրախությամբ չի ընդունի։ Համաձայնությունը շատ սուր է ընդունվել նաև Ռուսաստանի որոշակի «վեհապետական» շրջանակներում։ Հայտարարվել է, որ ռուսական իշխանությունը «դրանով փոխում է իր ռազմավարական դաշնակիցներին և մարտահրավեր նետում ամբողջ իսլամական ու արաբական աշխարհին»։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև վերջին ժամանակներս «հենց Իսրայելն էր մեզ ամենամեծ խնդիրներն առաջադրում այն շուկաներում, որտեղ մենք ավանդաբար մեզ զգում էինք ինչպես տանը»։ Այդ շրջանակներում պնդում են, թե Սերդյուկովի ռազմական վերափոխումները հանգեցնում են միայն այն բանին, որ սպառազինությունների առնվազն 30 տոկոսը ռուսական բանակին կմատակարարվի Իսրայելից և ՆԱՏՕ-ի երկրներից։ Իսկ այդ ամենը, նրանց կարծիքով, «Կրեմլի աշխարհաքաղաքական դավաճանություն է»։ Հայաստանում քաջ հայտնի Լեոնիդ Իվաշևն ավելի կտրուկ է արտահայտվել. «Վերջին տարիներին Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ լուրջ զիջումներ է անում Թել Ավիվին»։ Ռուսաստանը, նրա կարծիքով, համաշխարհային ինքնուրույն քաղաքակրթության նմուշ է և պետք է դաշնակիցներ ու գործընկերներ ունենա, նախ և առաջ, հոգևոր-քաղաքակրթական հիմունքներով, ոչ թե որոշակի խմբավորումների ֆինանսական շահերից ելնելով։ Ռուսաստանը դադարում է աշխարհում ռազմական ու քաղաքական ուժերի տեղաբաշխման վրա ազդող խոշորամասշտաբ խաղացող լինելուց։ Ի դեպ, նման մոտեցումները շատ հավանական է, որ մնան որպես «ձայն բարբառոյ յանապատի»։ Երևում է, Իսրայելին արդեն այս փուլում հաջողվել է Ռուսաստանին «գրավել» իր կողմը Իրանի ու Սիրիայի դեմ ուղղված ռազմաքաղաքական բարդ խաղերում, օգտագործելով իր ռազմարդյունաբերական համալիրի` ռուսների համար շատ հրապուրիչ հնարավորությունները։ Թել Ավիվում իրատեսները հասկանում են, որ Մոսկվան, առաջին հերթին, այժմ առաջնորդվում է բիզնեսի շահերով և ոչ թե «համընդհանուր առաջնայնություններով»։ Եվ այս կապակցությամբ իսրայելական կողմը, Մոսկվային շահագրգռելով համատեղ նախագծերով, կկարողանա գոնե մասամբ վերակողմնորոշել զենքի ռուսական արտահանությունը։ Ընդ որում, ակնհայտ է, որ, իհարկե, իդեալական կլիներ, եթե Իսրայելը ցանկանար, որ Ռուսաստանն ամենևին զենք չվաճառեր Սիրիայի և Իրանի նման երկրներին։ Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, Իսրայելը չի կարող լիովին ազատվել Ռուսաստանից, իսկ Մոսկվայում առավելագույնս փորձում են «և՛ ձուկ բռնել, և՛ ոտքերը չթրջել»։ Իսկ եթե հաջողվի` նաև «խորամանկ հրեաներին» խաբել։ Սակայն ճշմարտությունը, թվում է, դրա մեջտեղում է, և սակարկություններն առայժմ կշարունակվեն ու կընդլայնվեն։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ